«Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական գործընկերության նոր փուլ» ֆոտոցուցահանդեսը բացվել է

30.09.2010, 15:10
«Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական գործընկերության նոր փուլ» ֆոտոցուցահանդեսը բացվել է
«Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական գործընկերության նոր փուլ» ֆոտոցուցահանդեսը բացվել է

ՌԻԱ Նովոստիի կողմից կազմակերպված «Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական գործընկերության նոր փուլ» ֆոտոցուցահանդեսը բացվեց հինգշաբթի։

Ինչպես հայ լրագրողներին հայտնեց ՌԻԱ Նովոստիի ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը, ֆոտոցուցահանդեսը նվիրված է երկու հիմնական սյուժեների։

«Առաջին հերթին, դրանք պաշտոնական հանդիպումներ և բանակցություններ են, որոնք անցկացվել են այս տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, վարչապետներ Վլադիմիր Պուտինի և Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ։ Այստեղ զետեղված են ՀԱՊԿ, արտակարգ իրավիճակների նախարարությունների փոխգործակցության և համագործակցության շրջանակներում համատեղ միջոցառումներին նվիրված սյուժեներ»,- նշեց նա։

Ինչպես նշեց Կասաևը, ներկայացված է նաև «ոչ մեծ, բայց մեզ համար շատ կարևոր ցուցադրություն», որը նվիրված է անցյալ տարի անժամանակ կյանքից հեռացած հայ հիանալի ֆոտովարպետ, լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի աշխատանքներին։

Նա նշեց, որ ՌԻԱ Նովոստի գործակալությունը ձեռք է բերել ֆոտովարպետի արխիվը, որը 15 հազար բացառիկ լուսանկարներ է ընդգրկում։

Կասաևն ընդգծեց, որ գործակալության վերջին ձեռքբերումներն էլ ավելի բացառիկություն կհաղորդեն ՌԻԱ Նովոստիի ավելի քան 700-հազարանոց ֆոտոհավաքածուին։

Հանգուցյալ լուսանկարչի եղբայրը՝ լուսանկարիչ Տիգրան Մանգասարյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ նկատեց, որ Ռուբենի աշխատանքների ընդգրկումն այսօրվա ցուցադրությունում իր համար անակնկալ էր։

Ըստ նրա, այս տարի Ռուբեն Մանգասարյանը կդառնար 50 տարեկան, և այս օրերին Երևանում անցկացվում է վարպետի հերթական անհատական ցուցահանդեսը։

«Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական գործընկերության նոր փուլ» ցուցահանդեսում ընդհանուր առմամբ ներկայացվել է մոտ 60 լուսանկար։ Դրանցից մոտ 40-ը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության թեմային, իսկ մնացածը Ռուբեն Մանգասարյանի աշխատանքներն են։

Հայ ականավոր ֆոտովարպետ Ռուբեն Մանգասարյանը (1960-2009 թթ.) ԽՍՀՄ Ժուռնալիստների միության «Տարվա լավագույն ֆոտոռեպորտաժ» մրցանակի դափնեկիր է եղել։ 1996 թվականին նա բացել է Patker Photo գործակալությունը։ Ինչպես ասվում է ՌԻԱ Նովոստիի հաղորդագրությունում, Մանգասարյանի ինքնատիպ, բոլորից տարբերվող լուսանկարները հաճախ են հրապարակվել Time, The Washington Post, Business Week, Paris Match, The Guardian, Le Figaro համաշխարհային հեղինակավոր պարբերականներում, դրանք կարելի է գտնել նաև տարբեր տեղեկատուներում և հանրագիտարաններում։ -0-