Խաչքարերի թանգարան՝ բաց երկնքի տակ

29.09.2010, 17:15
Խաչքարերի թանգարան՝ բաց երկնքի տակ
Խաչքարերի թանգարան՝ բաց երկնքի տակ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2015 թվականին ծրագրվում է Խաչքարերի թանգարան ստեղծել բաց երկնքի տակ, ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Խաչքարերն արվեստի հատուկ տեսակ են ներկայացնում, դրանք ազգային հնագույն ավանդույթների վրա հիմնված և ձևերի բազմազանությամբ ու հարստությամբ առանձնացող դեկորատիվ-ճարտարապետական քանդակներ են։ Խաչքարեր սկսեցին փորագրել IV դարի սկզբում՝ Հայաստանում քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո։

«Մենք ցանկանում ենք ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված ողջ աշխարհում գոյություն ունեցող խաչքարերի փոքրացված կրկնօրինակները և տեղադրել դրանք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի տարածքում»,- չորեքշաբթի ասաց նա գերատեսչության երկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսում։

Բացի այդ, Հակոբյանի խոսքերով, ծրագրվում է նաև Երևանում ամերիկահայ հայտնի նկարիչ Արշիլ Գորկու Տուն-թանգարանի ստեղծումը։

«Արշիլ Գորկին հինգ-վեց տարի Կոնդում է ապրել, և ես կարծում եմ, որ նրա տունը պետք է թանգարանի վերածել՝ ի նշան մեր ժողովրդի մեծ ներկայացուցիչներից մեկի նկատմամբ երախտագիտության»,- ասաց նա, հավելելով, որ արդեն համապատասխան խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։

Նախարարը նշեց նաև Հայկական տների ստեղծման անհրաժեշտությունը, որտեղ կգործեն դպրոցներ, մշակութային կենտրոններ, ցուցահանդեսների և բանակցությունների դահլիճներ, հայկական ապրանքների վաճառքի կետեր։

Այս կապակցությամբ նա դրական գնահատեց Ռուսաստանում Հայկական տների ստեղծման ձևավորված ավանդույթը։ -0-