Հայաստանի արբիտրաժային համակարգի գործունեությունը թույլ կտա էապես թեթևացնել դատական համակարգը

22.09.2010, 17:22
Հայաստանի արբիտրաժային համակարգի գործունեությունը թույլ կտա էապես թեթևացնել դատական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արբիտրաժային համակարգի գործունեությունը թույլ կտա էապես թեթևացնել երկրի դատական համակարգի գերբեռնվածությունը, կարծում է Հայաստանի արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը։

«Այժմ կոնկրոտ կանխատեսումների ժամանակը չէ, բայց արբիտրաժային համակարգի կայացումը թույլ կտա էապես թեթևացնել դատարանների բեռնվածությունը։ Օրինակ, եթե ներկայում ամեն տարի դատարանները դիտարկում են մոտ 40 հազար քաղաքացիական գործ, ապա 10-15 հազար գործ կարելի է դիտարկել արբիտրաժային կարգով»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Առուստամյանը։

Երևանում չորեքշաբթի արբիտրաժային համակարգի խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդաժողով է սկսվել, որն անցկացվում է Համաշխարհային բանկի «Արբիտրաժային համակարգի հզորացում. տեխնիկական օժանդակություն» ծրագրի շրջանակներում՝ հանրապետության Արդարադատության նախարարության հովանու ներքո։ Խորհրդաժողովին մասնակցում է մոտ 60 փորձագետ, այդ թվում արտերկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։

Փոխնախարարի խոսքերով, ներկայում աշխատանք է տարվում արբիտրաժային գործընթացի ինստիտուտի կայացմանը խոչընդոտող բացերի բացահայտման ուղղությամբ։ Առուստամյանը նշեց, որ սկզբունքորեն խոշոր օրենսդրային բացեր չկան, բայց արբիտրաժային գործընթացի ինստիտուտը Հայաստանում գործնականորեն չի օգտագործվում։

Առուստամյանն ընդգծեց, որ արբիտրաժային գործընթացը հնարավորություն է տալիս թեթևացնել դատական համակարգի գործունեությունը, իսկ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն արբիտրաժային կարգով վեճեր կարգավորել ու խնդիրներ լուծել։

«Այսօր ողջ աշխարհում տնտեսվարող սուբյեկտները գերադասում են օգտվել այդ ինստիտուտից՝ դատարանում վեճեր լուծելու փոխարեն»,- նկատեց նա։

Ինչպես կարծում է փոխնախարարը, Հայաստանում արբիտրաժային համակարգի կայացման խոչընդոտներից մեկն իրավաբանների գիտելիքների անհրաժեշտ ծավալի բացակայությունն է և արբիտրաժի հնարավորությունների մասին հասարակության ոչ իրազեկվածությունը։

Արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2007 թվականին՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին առընթեր։ Երեք տարվա գործունեության ընթացքում դատարանը դիտարկել է մոտ տասը գործ։ -0-