Ներքին տեղահանված անձանց խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. ՀՀ վարչապետ

18.09.2010, 16:00
Ներքին տեղահանված անձանց խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներքին տեղահանված անձանց խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, շաբաթ օրը Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի (Walter Kalin) հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այս համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով և աշխատանքով ապահովելու կարևորությունը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է, պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար՝ կարևորելով Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակցության տրամադրումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին հիշեցրել է, որ 2009 թ.-ին Ժնևում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ իրեն է ներկայացվել վերադարձի ծրագրի նախագիծը:

Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլև սոցիալական բարեկեցիկ պայմաններով՝ Կալինը առաջնային է համարել նախագծի վերանայումն ու լրամշակումը:

ՀՀ վարչապետը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 2011 թ.-ի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին:-0-