Հայ շախմատիստները պատրաստ են Խանտիմանսիյսկի համաշխարհային օլիմպիադային

16.09.2010, 17:54
Հայ շախմատիստները պատրաստ են Խանտիմանսիյսկի համաշխարհային օլիմպիադային
Հայ շախմատիստները պատրաստ են Խանտիմանսիյսկի համաշխարհային օլիմպիադային

Հայաստանի շախմատի տղամանարդկանց և կանանց հավաքականներն ավարտել են եզրափակիչ նախաօլիմպիական հավաքը, որն անցկացվում էր սեպտեմբերի 1-ից Ջերմուկում, հինգշաբթի հաղորդում է armchess.am-ը:

Հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 19-ին հայ շախմատիստները Երևանից Խանտիմանսիյսկ կմեկնեն, որտեղ սեպտեմբերի 20-ին կսկսվի Շախմատի աշխարհի 39-րդ օլիմպիադան:

Նախօրեին ChessPro պորտալը հայտարարել է Օլիմպիադայի մեկնարկային թիմային վարկանիշները, որոնց համաձայն՝ երկու հայկական հավաքականները  առաջատարների թվում են:

Երկակի օլիմպիական չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը 158 թիմերի միջև 6-րդ տեղում է գտնվում: Թիմի կազմում են՝ Լևոն Արոնյանը (անհատական վարկանիշը՝ 2783), Վլադիմիր Հակոբյանը (2691), Գաբրիել Սարգսյանը (2677), Արման Փաշիկյանը (2639), Ավետիք Գրիգորյանը (2579):

Առաջին անգամ հայկական թիմն օլիմպիական չեմպիոն է դարձել 2006թ.-ին Թուրինում անցկացված 37-րդ Օլիմպիադայում, իսկ երկու տարի անց Դրեզդենում պաշտպանել է իր տիտղոսը:

Հայկական կանանց հավաքականը, որի կազմում են՝ Էլինա Դանիելյանը (2466), Լիլիթ Մկրտչյանը (2484), Լիլիթ Գալոյանը (2373), Նելլի Աղինյանը (2282), Անահիտ Խառատյանը (2039), 110 թիմերի միջև 7-րդ տեղում է գտնվում:

Խանտիմանսիյսկում անցկացվող Շախմատի աշխարհի 39-րդ օլիմպիադայում ակնկալվում է ողջ պատմության ընթացքում  մասնակիցների առավել մեծ քանակ՝ 158 երկրներից և տարածաշրջաններից 13000 շախմատիստներ  (158 տղամարդկանց և 119 կանանց թիմեր):

Տղամարդկանց և կանանց մրցախաղերն անցկացվում են շվեյցարական համակարգով՝ 11 տուրով: Բոլոր թիմերի կազմում են՝ 4 հիմնական խաղացողներ և 1 պահեստային: Խաղի օրերն են՝ սեպտեմբերի 21-25-ը, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 1-ը, հոկտեմբերի 3-ը:

Օլիմպիադայի կազմակերպիչները մասնակիցների և հանդիսատեսի համար մի շարք անակնկալներ են պատրաստում: Ահա մի քանի մանրամասներ՝ պատմության մեջ առաջին անգամ օլիմպիադայում գլխավոր դատավորը կլինի կին: Հաղթողի համար կպատրաստվի ոչ միայն պատվանդան, այլ մի ամբողջ գահ: Իսկ հանդիսատեսի համար ավտոմատ շարժվող ամբիոն է պատրաստվում: Համաշխարհային շախմատի 39-րդ օլիմպիադան կմեկնաբանի սուպեր համակարգիչ BlueGene-ը: -0-