Երևանյան շեքսպիրյան փառատոնը կարող է փակվել ֆինանսական խնդիրների պատճառով

15.09.2010, 15:50
Երևանյան շեքսպիրյան փառատոնը կարող է փակվել ֆինանսական խնդիրների պատճառով
Երևանյան շեքսպիրյան փառատոնը կարող է փակվել ֆինանսական խնդիրների պատճառով

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Երևանում 2003 թվականից սկսած, կփակվի ֆինանսավորման պակասի պատճառով, հայտնեց փառատոնի հիմնադիր և նախագահ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Մենք բավականին բարդ ֆինանսական վիճակում ենք գտնվում, և փառատոնը փակման վտանգի առջև է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Ղազանչյանը շեքսպիրյան ութերորդ փառատոնի բացման նախաշեմին։

Ընթացիկ տարում հայ մեծ թատերագետ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստների ինստիտուտի և Շեքսպիրագիտական կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված շեքսպիրյան  փառատոնը կսկսվի սեպտեմբերի 15-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը։

«Ավելի վաղ ֆինանսավորումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն այս տարի անհասկանալի պատճառներով քաղաքապետարանն իր բյուջեից միջոցներ չի տրամադրել շեքսպիրյան փառատոնին»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս տարի փառատոնը հաջողվել է անցկացնել միայն երկու հանգամանքի շնորհիվ՝ առաջին հերթին, հնարավորություն է հայտնվել Մեծ Բրիտանիայից հրավիրել 20-րդ դարի խոշորագույն ռեժիսոր-բեմադրիչ Պիտեր Բրուկին, իսկ երկրորդ, այն փաստը, որ շեքսպիրյան փառատոնը հայկական բազմաթիվ թատրոնների ոգեշնչել է շեքսպիրյան նոր պիեսներ բեմադրել։

Ղազանչյանն ընդգծեց, որ եթե մինչև տարեվերջ ֆինանսական վիճակը չբարելավվի, ապա փառատոնի կազմակերպիչները ստիպված կլինեն հրաժարվել դրա անցկացումից հետագայում։

Փառատոնի շրջանակներում կկայանան ավելի քան 10 թատերախմբերի ներկայացումներ Հայաստանից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ուկրաինայից։ Կներկայացվեն «Լեգենդ Մակբեթի մասին» (Սունդուկյանի անվան թատրոն), «Ջուլիետ» (Թատերական գործիչների միություն), «Warum, Warum» (Ցյուրիխի դրամատիկական թատրոն՝ Շվեյցարիա), «Հուլիոս Կեսար» (Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), «90-րդ սոնետ» (Մնջախաղի թատրոն), «Շեքսպի՞ր ենք խաղում» (Շարժական թատրոն), «Լենզ» («Ինսթանբիլի վագանթի թեատր», Իտալիա), «Լիր Արքա» (Աբելյանի անվան Վանաձորի թատրոն), «Սխալների կատակերգություն» (Տիկնիկային թատրոն), «Պրոսպերո» (Լվովի «Հարություն» թատրոն, Ուկրաինա)։ -0-