Բելգիայի ներդրումային գործակալության ղեկավարը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ մեդալով

14.09.2010, 20:04
Բելգիայի ներդրումային գործակալության ղեկավարը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ մեդալով
Բելգիայի ներդրումային գործակալության ղեկավարը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ մեդալով

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ներմուծման և արտահանման գծով Բելգիայի ներդրումային գործակալության (AWEX)  գործադիր տնօրեն Ֆիլիպ Սյուինենին պարգևատրել է ԱԳՆ մեդալով՝ հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում ներդրման համար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ֆիլիպ Սյուինենը գլխավորում է Հայաստան ժամանած Վալոնիայի և Բրյուսելի մի քանի տասնյակ գործարարների պատվիրակությունը, ովքեր Երևանում են հայ-բելգիական բիզնես ֆորումին մասնակցելու համար, որը կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության կողմից՝ «ԱրմենՎալ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է 2009թ.-ից՝ Արդյունաբերական զարգացման հարցով ՄԱԿ-ի կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ։

Հանդիպման ժամանակ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի ակտիվացող հայ-բելգիական տնտեսական համագործակցությամբ` նշելով, որ այդ գործում իրենց լուրջ ներդրումն ունեն պարբերաբար կազմակերպվող հայ-բելգիական գործարար համաժողովները, հայ և բելգիացի գործարարների փոխադարձ այցելությունները:

Ֆիլիպ Սյուինենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ սա Բելգիայի ֆրանսախոս համայնքի գործարարների արդեն երրորդ այցելությունն է Հայաստան, և ամեն անգամ Երևան ժամանող գործարարների թիվը նկատելիորեն աճում է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Բելգիայի ֆրանսախոս համայնքի միջև հարաբերությունների ամրապնդման և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Սյուինենը պատմել է Բելգիայում կատարվող գործընթացների և ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհների մասին։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Բելգիայի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը հունվար-հուլիս ամիսներին 84,7 տոկոսով աճել է՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և շուրջ 94,1 մլն դոլար է կազմել։ Միաժամանակ Հայաստանից դեպի Բելգիա արտահանման ծավալը  50,3 մլն դոլար է կազմել (Հայաստանի ողջ արտահանման 9,8 տոկոսը)՝ նշված ժամանակահատվածում ավելանալով 2,4 անգամ՝ 2009թ.-ի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշի հանեմատ, իսկ Հայաստան ներմուծած բելգիական արտադրության ապրանքների ծավալը նշված ժամանակահատվածում 43,8 մլն դոլար է կազմել՝ 44,9 տոկոսով ավելանալով։

Հայաստանից դեպի Բելգիա հիմնականում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, հանքաքար, խարամ և կաուչուկ է արտահանվում։ Հայաստան է ներմուծվում մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, կենդանական ճարպեր, պլաստմասսայից պատրաստված իրեր, ինչպես նաև դեղագործական արտադրանք։ -0-