Հայաստանը Ռուսաստանից 1000 տոննա ցորենի սերմ կստանա. վարչապետ

10.09.2010, 15:49
Հայաստանը Ռուսաստանից 1000 տոննա ցորենի սերմ կստանա. վարչապետ

Հայաստանն առաջիկա օրերին Ռուսաստանից 1000 տոննա ցորենի սերմ կստանա որպես մարդասիրական օգնություն, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: Օրինակ, տասը տարվա ընթացքում առաջին անգամ սերմնաբուծության ծրագիր ենք հաստատել: Եվ չնայած, որ Ռուսաստանում սահմանափակումներ են մտցվել ցորենի սերմի արտահանման համար, մենք առաջիկա շաբաթվա ընթացքում 1000 տոննա բարձրորակ սերմ կստանանք»,- ասաց կառավարության ղեկավարը:

Ըստ Սարգսյանի՝ հանրապետության յուրաքանչյուր մարզում առանձնացվել են սերմնաբուծության ոլորտում ընդգրկված ընկերություններ:

«Հինգ տարվա ընթացքում մենք մտադիր ենք սերմերի սեփական արտադրությունը հասցնել տարեկան 30 հազար տոննայի և դրանով իսկ հույս ունենք լուծել այդ խնդիրը: Դա 15-20 տոկոսով կբարձրացնի արտադրողականությունը»,- ասաց վարչապետը:

Հայաստանում տարեկան օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից միայն պարենային նպատակով՝ 435-450 հազար տոննա: Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազար տոննա, իսկ պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում կազմել է 380-420 հազար տոննա: -0-