Հայկական սփյուռքը, հնարավոր է, մասնակցի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրին

Հնարավոր է՝ հայկական սփյուռքը մասնակցի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Ծրագրի իրագործմանը սփյուռքին ներգրավելու հնարավորությունները քննարկվել են Հրանուշ Հակոբյանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմի, ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիա Լուկյանովայի և ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատյանի միջև նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ծրագրի դոնորներից է Ռուսաստանի կառավարությունը, որը Հայաստանին երեք տարվա ընթացքում շուրջ 8 միլիոն դոլար կտրամադրի: Ծրագրի շրջանակներում դպրոցական սնունդով կապահովվի Հայաստանի վեց մարզերի 700 դպրոցներում ուսուցանող շուրջ 50 հազար դպրոցական:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս հարցում՝ առաջարկելով ծրագրի մասին տեղեկատվություն տեղադրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում, նաև մի շարք արժեքավոր խորհուրդներ է տվել ծրագրի իրականացմանը Սփյուռքին ներգրավելու վերաբերյալ:-0-