Հայաստանը պետք է Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախաձեռնողը լինի

06.09.2010, 16:29
Հայաստանը պետք է Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախաձեռնողը լինի
Հայաստանը պետք է Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախաձեռնողը լինի

ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձևերի առնչությամբ Հայաստանը պետք է «հարձակողական» քաղաքականություն վարի և ինքը նման բանաձևեր նախաձեռնի՝ համաշխարհային հանրությանը բացատրելով, որ հենց Ադրբեջանն է ագրեսորը, կարծում է ՀՀ դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Բաքուն սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանում քվեարկության կներկայացնի «Միջազգային հումանիտար օրենքի և միջազգային չափորոշիչների նորմերի պահպանումը մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» բանաձևի օրինագիծը։

«Եթե Հայաստանը լուրջ աշխատանք անցկացնի այդ ուղղությամբ, ապա նրա նախաձեռնած բանաձևերը կարող են աջակցություն ստանալ: Սակայն ես չգիտեմ՝ տարվում է նման աշխատանք, թե ոչ:  Դատելով նրանից, որ այդ բանաձևերը չեն նախաձեռնվում, ենթադրում եմ, որ չի տարվում»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը:

Ըստ նրա, ադրբեջանական բանաձևերի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն չպետք է բավարարվի միայն հերթապահ հայտարարություններով, այլ պետք է համապատասխան շեշտադրումներ ուղղի, որոնց մեջ պետք է արտացոլվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:

«Պաշտոնական շեշտադրումները կարող են շատ երկրների կանգնեցնել ադրբեջանական բանաձևերին աջակցելու հարցում»,- կարծում է կուսակցության ղեկավարը:

Ըստ նրա, Հայաստանը պետք է համաշխարհային հանրությանը ներկայացնի նաև Ղարաբաղի շփման գոտում տեղի ունեցող ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց թվում են նաև ինտերնետում պրոֆեսիոնալ կերպով պատրաստված տեսահոլովակների տարածումը:

Վերջին ոչ լիարժեք երեք ամիսների ընթացքում, Ղարաբաղի շփման գոտում Ադրբեջանը երեք դիվերսիոն ակցիա է իրականացրել, որոնց արդյունքում մարդկային զոհեր են գրանցվել: Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին կատարված ադրբեջանական դիվերսիաները ձախողվեցին: Ադրբեջանի հետախուզական-դիվերսիոն խմբերը ետ են քաշվել՝ չորս մարդկային զոհ տալով:

«Նման սադրանքներին գնալու ցանկությունը պետք է հետ մղել հզոր ռազմական հարվածով, և դա ստացում է»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ զուգահեռ պետք է նաև տեղեկատվական աջակցությունը:

Բացի այդ, ըստ կուսակցության ղեկավարի, հայկական կողմը չպետք է լռի նաև Նախիջևանի տարածքում թուրքական զորքերի տեղակայման հնարավորության մասին տարածված խոսակցությունների առնչությամբ:

«Անհրաժեշտ է փաստարկել երկու իրողություն, այն, որ Նախիջևանն Ադրբեջանին է (1921թ.-ի Կարսի պայմանագրով. «Նովոստի-Արմենիա») անցել միայն որպես պրոտեկտորատ, և այն, որ  Ադրբեջանը բռնազավթել է այդ տարածքը»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմը չպետք է համակերպվի այդտեղ թուրքական ուժերի տեղակայման հետ: Բացի այդ, ըստ նրա, այդ խոսակցություններին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը՝ որպես Կարսի պայմանագրի կողմնակից:

Ղարաբաղյան կարգավորման մասին խոսելիս՝ Սարգսյանը նշեց Մադրիդյան սկզբունքների վտանգավոր կետերը: Ըստ նրա, հատկապես անորոշ են ԼՂՀ անկախությանը վերաբերող ձևակերպումները:

Այդ կապակցությամբ կուսակցության ղեկավարը նշեց, որ չի հասկանում Մադրիդյան սկզբունքների հանդեպ ՀՀ իշխանությունների ոգևորվածությունը:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-