Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը

06.09.2010, 12:29
Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 20-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը, ով կկատարի «Մայրիկ» երգը, նշեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Դիանա Մնացականյանը:

«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի մասնակցի ազգային ընտրության եզրափակիչը կայացել է կիրակի Երևանում:

«Նա բացարձակ առաջատարն էր՝ սկսած քառորդ եզրափակչից: Նա զբաղեցրել է առաջին տեղը քառորդ եզրափակչում, կիսաեզրափակչում և եզրափակչում ժյուրիի քվեարկության արդյունքում», - ասաց Մնացականյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Միաժամանակ նա ավելացրեց, որ SMS-քվեարկության միջոցով քվեարկած հեռուստադիտողների կարծիքը կիսվել է:

Մնացականյանի խոսքերով՝ սկզբից Հայաստանում մրցույթի մասնակցության 31 հայտ էր ներկայացվել, որոնցից ընտրվեց 25-ը: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի, որոնցից կիսաեզրափակիչ անցավ ութական մասնակից, իսկ եզրափակիչ՝ տասը կատարող:

Նախագծի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ Մինսկում կայանալիք Մանկական Եվրատեսիլին կմասնակցի 14 երկիր, սակայն իրենց ներկայացուցիչներին ընտրել է միայն չորս երկիր, մնացած տասը երկրներն իրենց ընտրությունը կկատարեն շաբաթվա ընթացքում:

Վլադիմիր Արզումանյանը զբաղեցրել է երրորդ տեղը «Նոր Ալիք 2010» միջազգային մրցույթում 8-12 տարեկան տարիքային խմբում: Արդեն հիմա նա «Կարոտ» համահայկական փառատոնի և Առնո Բաբաջանյանի անվան փառատոնի դիպլոմակիր է, իսկ ապագայում ցանկանում է երգել Սթիվի Ուանդերի և Դմիտրի Խվորոստովսկու հետ և ձայնասկավառակ թողարկել:

Հայաստանը Մանկական Եվրատեսիլին մասնակցում է 2007 թ.-ից: Նախորդ տարի Լուարա Հայրապետյանը երկրորդ տեղը կիսեց Ռուսաստանի ներկայացուցչուհու հետ:-0-