«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի բացմանը տիկնիկներով լի օդապարիկ կբարձրանա երկինք

03.09.2010, 14:23
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի բացմանը տիկնիկներով լի օդապարիկ կբարձրանա երկինք

«Թումանյանական հեքիաթի օր»  տիկնիկային թատրոնի միջազգային հինգերորդ փառատոնը կսկսվի ինքնատիպ միջոցառումով՝ երկինք կբարձրանա տիկնիկներով լի օդապարիկ, հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ UNIMA-Armenia-ի նախագահ Արմեն Սաֆարյանը։ 

Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ հայ մեծ բանաստեղծ և գրող, բազմաթիվ հեքիաթների հեղինակ, 20-րդ դարի հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։

«Մենք պատրաստվում ենք տոն կազմակերպել բաց երկնքի տակ, եթե եղանակը թույլ տա»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սաֆարյանը։ Նա նշեց, որ փառատոնի մասնակիցներին կմիանա շվեյցարացի ճանապարհորդ Փիտեր Բլասերը, ով ողջ աշխարհին հայտնի է հսկայական օդապարիկով կատարած ճանապարհորդություններով։

Նա պատմեց, որ փառատոնի շրջանակներում տեղի կունենան հայկական և արտասահմանյան տիկնիկային թատրոնների համատեղ ներկայացումները։ Այսպիսով, օրինակ Հայաստանի և Հունգարիայի տիկնիկավարները հայ հանդիսատեսին ցույց կտան «Ստեղծագործություն» հեքիաթը, ինչպես նաև սլովենական-չեխական-բելառուսական համատեղ ներկայացումներ են պատրաստվել։

Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի մասնակից կդառնա 22 թատերախումբ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից և Բելառուսից։

Ըստ Սաֆարյանի, ոչ բոլոր ներկայացումները կբեմադրվեն հենց Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա, սակայն բոլոր մասնակիցներին կմիավորի հեքիաթի ընդհանուր թեման։

Նա ավելացրեց, փառատոնի գործունեությունն արդեն տվել է իր պտուղները՝  ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում ավելի ու ավելի նոր տիկնիկային թատրոններ են ստեղծվում։ Դրանցից է ՝ «Կաթիլ» դպրոցական թատրոնը Դսեղ գյուղում, «Նարեկ»-ը ՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, «Լապտեր»-ը՝ Երևանում։ -0-