Ավելի քան 3 հազար դիմորդ է ընդունվել Երևանի պետական համալսարան. ռեկտոր

31.08.2010, 15:13
Ավելի քան 3 հազար դիմորդ է ընդունվել Երևանի պետական համալսարան. ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2010-2011 ուստարում ավելի քան 3 հազար դիմորդ ընդունվել է Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ասաց ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Այս տարի մենք բողոքելու պատճառներ չունենք, 3006 դիմորդ ընդունվել է ԵՊՀ-ի առաջին կուրս: Իհարկե, ամեն տարի շուրջ 100 ուսանող ետ են վերցնում իրենց գործերը կամ դուրս են մնում ուսման վարձը չմուծելու պատճառով: Սակայն ես կարող եմ ասել, որ այս տարի մենք կունենանք շուրջ 3 հազար նոր ուսանող», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Երկրի մայր բուհի ռեկտորը նշեց, որ չնայած ընդունված դիմորդների մեծ քանակին, մի շարք առանձին ֆակուլտետներում թերալրում է գրանցվել: Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց Սիմոնյանը, հետաքրքրության անկում է նկատվում բնական գիտությունների, մասնավորապես՝ ֆիզիկայի և քիմիայի նկատմամբ:

«Իմ խորը համոզմամբ՝ այժմ ճիշտ ժամանակն է ինժեներական կրթության և բնական գիտությունների ոլորտում կրթության մասին համալիր ծրագրի մշակման և ընդունման համար», - ասաց Սիմոնյանը:

ԵՊՀ-ի ռեկտորն ավելացրեց, որ նույն պատկերն է նկատվում նաև մի շարք եվրոպական երկրներում: Նրա խոսքերով՝ Գերմանիան, որը միշտ բարձրակարգ ինժեներներ ունեցող երկրի համբավ է ունեցել, այսօրվա դրությամբ նման մասնագետների կարիք ունի:

1919 թ.-ի մայիսի 16-ին ՀՀ Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Երևանի համալսարանի հիմնադրման մասին: 1991 թ.-ին Երևանի պետական համալսարանում արդեն գործում էր 17 ֆակուլտետ, որոնք կադրեր էին պատրաստում 32 մասնագիտություններով:

Մինչև հիմա ԵՊՀ-ն շուրջ 90 հազար շրջանավարտ է տվել: Այսօրվա դրությամբ համալսարանում գործող 22 ֆակուլտետներում շուրջ 13 հազար ուսանող է ուսանում: Համալսարանի ավելի քան 1200 դասախոսներից 200-ը գիտության դոկտորներ են, ավելի քան 500-ը՝ գիտության թեկնածուներ:-0-