Մեկ շաբաթից Հայաստանում էականորեն կցրտի. կանխատեսում

31.08.2010, 13:14
Մեկ շաբաթից Հայաստանում էականորեն կցրտի. կանխատեսում
Մեկ շաբաթից Հայաստանում էականորեն կցրտի. կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 7-ից հետո Հայաստանում օդի ջերմաստիճանի էական նվազում է սպասվում, ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Մինչև սեպտեմբերի 7-ը եղանակը չի փոխվի, ջերմաստիճանը հանրապետությունում կպահպանվի 36-37 աստիճանի սահմաններում։ Տեղումներ նույնպես չեն սպասվում»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Պետրոսյանի խոսքերով, առայժմ հնարավոր չէ կանխատեսել, թե քանի աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, սակայն այն ցածր չի լինի նորմայից։

«Հայաստանում օդի ջերմաստիճանի միջին ամսական նորման սեպտեմբերին կազմում է 21-22 աստիճան, ընդ որում, առաջին տասնօրյակում այդ թիվը հավասար է 35 աստիճանի»,- ասաց Կենտրոնի պետը։

Պետրոսյանն ընդգծեց, որ եղանակը սեպտեմբերին հանրապետությունում կմնա նորմայի սահմաններում՝ դրական շեղվածությամբ։

«Ինչ վերաբերում է տեղումներին, ապա օգոստոսն ու սեպտեմբերն ամենաչոր ամիսներն են համարվում Հայաստանում։ Տեղումների նորման այդ ամիսներին կազմում է 10 մմ։ Այս տարի տեղումները կլինեն այդ նորմայի սահմաններում»,- ավելացրեց նա։ -0-