Հայկական կենդանաբանական այգու աշխատակիցները Կուզբասում խախտել են միգրացիոն ռեժիմը

30.08.2010, 15:09
Հայկական կենդանաբանական այգու աշխատակիցները Կուզբասում խախտել են միգրացիոն ռեժիմը

Կեմերովոյի շրջանում դադարեցվել են Գյումրի քաղաքի շրջիկ կենդանաբանական այգու հյուրախաղերը՝ ղեկավարության և աշխատակիցների կողմից միգրացիոն և աշխատանքային օրենսդրության խախտման պատճառով,  հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կեմերովոյի շրջանի ՆԳԳՎ մամուլի ծառայությանը։

ՆԳԳՎ տեղեկատվության համաձայն, Գուրևսկ քաղաքի միգրացիոն ծառայության աշխատակիցները որոշել են ստուգել քաղաքում մեծ համբավ վայելող և հանդիսատեսին աֆրիկյան ու արևելաասիական կենդանիներ ցուցադրող կենդանաբանական այգու գործունեության օրինական լինելը:

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանի ինը քաղաքացիներ, ովքեր աշխատում են գազանանոցում, Ռուսաստանի տարածքում են գտնվում՝ խախտելով միգրացիոն օրենսդրությունը։ Բացի այդ, նրանք ՌԴ տարածքում աշխատանքային գործունեության թույլտվություն չեն ունեցել, նշվում է ՆԳԳՎ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 «Գյումրու կենդանաբանական այգու աշխատակիցների, այսինքն ՀՀ քաղաքացիների վերաբերյալ 16 վարչական արձանագրություն է կազմվել՝ Ռուսաստանի Դաշնությունում տեղակայման վարչակարգը խախտելու և առանց աշխատանքի թույլտվության աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։ Գործատուի հանդեպ 18 վարչական արձանագրություն է կազմվել՝ օտարերկրյա աշխատակիցներին առանց թույլտվության աշխատանքի մեջ ներգրավելու և այդ մասին չտեղեկացնելու համար»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։

ՆԳԳՎ տեղեկատվության համաձայն, բացահայտված խախտումների համար տուգանքը կկազմի 500 հազար ռուբլուց ոչ պակաս, որից 450 հազարը պետք է վճարի գործատուն։ -0-