Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 համալիրի հնարավոր վաճառքը չի խախտի տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը. փորձագետ

27.08.2010, 14:10
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 համալիրի հնարավոր վաճառքը չի խախտի տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը. փորձագետ

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 համալիրի հնարավոր վաճառքը չպետք է գերագնահատել, քանի որ դա տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չի խախտի, կարծում է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը։

Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Ռոսոբորոնէքսպորտն իբր պայմանագիր են կնքել Ադրբեջանին «Ֆավորիտ» С-300 ПМУ-2-ի երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ Ռոսոբորոնէքսպորտը հերքել է այդ տեղեկատվությունը։

«Սա Ռուսաստանի կողմից մեր տարածաշրջանում ավելի ամուր հիմնավորվելու փորձ է։ Ռուսաստանի քաղաքականությունը հասկանալի է։ Այդ զենքի հնարավոր վաճառքը չի կարելի որպես ուժերի հավասարակշռության խախտում դիտարկել, քանի որ Հայաստանն արդեն առավելագույն երաշխիքներ է ստացել Ռուսաստանի կողմից»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը։

Այդ կապակցությամբ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ С-300-ի վաճառքի մասին տեղեկատվությունը կարող է զուտ քարոզչական ակցիա լինել։

«Այդ տեղեկատվությունը կարող է տարածվել միայն այն նպատակով, որ մեղմացվի հայ-ռուսական համաձայնագրերի հետ կապված ադրբեջանական բողոքը»,- ընդգծեց նա։ 

Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած): Արձանագրությունը նախատեսում է նաև կայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտի ընդլայնում:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարդացումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ, որը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-