Հայաստանի հանրակրթական դպրոցներում ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ կներդրվի

24.08.2010, 17:56
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ կներդրվի
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ կներդրվի

Հայաստանի հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, երեքշաբթի  հանրակրթության ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության  ժամանակ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ Աշոտյանի, բարեփոխումների շրջանակում, «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի պահանջից ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ  առաջիկայում կհաստատվի  ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչև  տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու  շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Բացի դրանից, Աշոտյանը ներկայացրել է ոլորտի  բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքները։

Խորհրդակցության մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության  բնագավառում պետական քաղաքականության  միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

«Ամփոփելով խորհրդակցությունը և վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը  հանձնարարել է ուշադրութան կենտրոնում   պահել հատկապես համայնքների դպրոցների  խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-