Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման որոշումը ճիշտ ժամանակին էր. ՀԱՊԿ

24.08.2010, 17:24
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման որոշումը ճիշտ ժամանակին էր. ՀԱՊԿ

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Տարածաշրջանային զարգացումների համատեքստում, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման որոշումը ճիշտ ժամանակին էր, հայտնեց ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի (ՏԱՄՀԿ) հայկական բաժնի ղեկավար Նվեր Թորոսյանը:

«Ելնելով Հայաստանի հանդեպ հասունացող ադրբեջանական սպառնալիքի տեսանկյունից՝ անվտանգության նոր, առավել երկարատև և հուսալի երաշխիքներ էին անհրաժեշտ։ Եվ այդ առումով ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխությունները պարզապես անհրաժեշտ էին»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նա։

Նախորդ ուրբաթ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

Ավելի վաղ ռազմակայանի գործողությունը սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ այժմ այդ սահմանափակումը հանվել է համաձայնագրի տեքստից, և ռուսական կողմը պարտավորություն է վերցրել համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը և աջակցել ՀՀ Զինված ուժերը սպառազինությունների ժամանակակից տեսակներով զինելուն:

Ըստ Թորոսյանի, Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններից անցել է այնպիսի հստակ գործողությունների, ինչպիսին են սպառազինություն ձեռք բերելն ու ռազմական բյուջեն ավելացելը։

«ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը մեր հանրապետությունում կարևոր նշանակություն ունի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից»,- ավելացրեց Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ փաստաթուղթն արդեն համապատասխան արձագանք է ստացել Ադրբեջանում, և մամուլում ռազմատենչ հայտարարություններին փոխարինել են  Իլհամ Ալիևի քաղաքականության հանդեպ դժգոհությունները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-