Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը չի բարդացնի Արևմուտքի հետ հարաբերությունները. փորձագետ

24.08.2010, 17:04
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը չի բարդացնի Արևմուտքի հետ հարաբերությունները. փորձագետ
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը չի բարդացնի Արևմուտքի հետ հարաբերությունները. փորձագետ

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը բացասաբար չի ազդի եվրոպական և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վրա, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Նախորդ ուրբաթ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի:

«Մենք լավ ենք պատկերացնում, որ Հայաստանում ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը, մեղմ ասած, չի կարող ողջունելի լինել Արևմուտքի կողմից։ Բայց չպետք է մոռանալ, որ արևմտյան երկրները լավ են հասկանում, որ հայ-թուրքական գործընթացն աստիճանաբար տապալվեց Թուրքիայի կողմից, և Թուրքիայի համար այդքան փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, բավական խոցելի է»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բեքարյանը։

Ըստ նրա, արևմտյան երկրները լավ են հասկանում, որ իրենց ջանքերով չկարողացան Թուրքիային տրամադրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, և Հայաստանը փորձում է իր անվտանգությունն ապահովելու այլ ձևաչափեր գտնել։ Ըստ Բեքարյանի, հենց այդ պատճառով Հայաստանում ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը բացասաբար չի ազդի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, Եվրամիության և արևմուտքի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերություններին։

Վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց էր նկատվում հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:

Փորձագետը կարծում է, որ նաև պետք է ազատվել այն կարծրատիպից, թե Հայաստանը, ՀԱՊԿ անդամ լինելով, չի կարող ԵՄ անդամ լինել։ Բեքարյանն ավելացրեց, որ Ռուսաստանի համար պակաս շահավետ չի լինի Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը. նա կազմակերպության ներսում գործընկեր կունենա՝ ի դեմս հանրապետության։

Ավելի վաղ ռազմակայանի գործողությունը սահմանափակվում էր նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, իսկ այժմ այդ սահմանափակումը հանվել է համաձայնագրի տեքստից, և ռուսական կողմը պարտավորություն է վերցրել համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունը և աջակցել ՀՀ Զինված ուժերը սպառազինությունների ժամանակակից տեսակներով զինելուն: -0-