ՀԱՊԿ գագաթնաժողովի նպատակը կլինի տարածաշրջանից եկող ահազանգերի հանդեպ դիրքորոշումների ճշտումը

19.08.2010, 17:48
ՀԱՊԿ գագաթնաժողովի նպատակը կլինի տարածաշրջանից եկող ահազանգերի հանդեպ դիրքորոշումների ճշտումը

Երևանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նպատակը կլինի տարածաշրջանից եկող ահազանգերի հանդեպ դիքրորոշումների ճշտումը, նաև առաջիկա տարվա համատեղ քայլերի ծրագրավորումն ու գործողությունները, ասաց հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի օգոստոսի 20-ին Երևանում։ Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործակցությունը։

 «Այդ քայլերի հիմնական իմաստը կլինի պատերազմ խաղալ ցանկացողներին զգուշացնելն ու հիշեցնելը, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ստանալու հնարավորություն կունենա»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանցը։

Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է անում Հայաստանին՝ ղարաբաղյան հակամարության համատեքստում։

Նշելով, որ երկու օր անց իրանական Բուշերում շահագործման կհանձնվի ատոմակայանը, Շաքարյանցը կանխատեսեց, որ դրանից հետո տարածաշրջանում իրադարձությունները կարող են շիկանալ։

Իրանում «Բուշեր» ԱԷԿ ռեակտորի ֆիզիկական գործարկումը ծրագրված է օգոստոսի 21-ին։

«Հենց այդ պատճառով Երևանում պետք է քննարկվեն հնարավոր պաշտպանական քայլերը, որոնք կարող են պետք գալ Բուշերական ԱԷԿ-ի գործարկումից հետո  իրավիճակի սրման դեպքում»,- ասաց Շաքարյանցը։

ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրել են խաղաղ ատոմային ծրագրի անվան տակ ատոմային զենք մշակելու մեջ։ Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքել է՝ հայտնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։ -0-