Մեդվեդևի այցը Հայաստան հաստատում է երկու երկրների համագործակցության դրական բնույթը. ՀՀԿ

17.08.2010, 14:54
Մեդվեդևի այցը Հայաստան հաստատում է երկու երկրների համագործակցության դրական բնույթը. ՀՀԿ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան հայ-ռուսական համագործակցության դրական բնույթի վառ վկայությունն է, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Կարևոր են այցի օրակարգի երկու բաղկացուցիչները՝ ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը», - ասաց Շարմազանովը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ այցի շրջանակներում ծրագրվում է համաձայնագիր ստորագրել, ըստ որի՝ կերկարացվի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը՝ 25-ից մինչև 49 տարի, ինչպես նաև կփոխվեն ռազմաբազայի գործառույթները:

Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ 2005 թ.-ի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմանի փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին: Ըստ փաստաթղթերի՝ Հայաստանը 102-րդ բազային է փոխանցել մի շարք հողատարածքներ և անշարժ գույքի օբյեկտներ: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորքախմբի ենթակայության տակ է գտնվում։

Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ն մեծապես կարևորում է ազգային անվտանգության հարցը, «քանի որ առանց ուժեղ, թարմացված և հզոր ազգային անվտանգության համակարգի անհնար է այլ բնագավառների զարգացումը»:

«Այն պետությունը, որի չունի ազգային անվտանգության ուժեղ համակարգ, որն ի զորու է դիմակայել գոյություն ունեցող մարտահրավերներին, ի վիճակի չէ գլոբալիզվացվող աշխարհում զարգացնել ժողովրդավարությունն ու սոցիալ-տնտեսական ոլորտը», - ավելացրեց նա:-0-