Հնարավոր է՝ Եվրախորհրդարանն Ադրբեջանում հայկական խաչքարերի ավերումը դատապարտող հայտարարություն ընդունի

11.08.2010, 14:54
Հնարավոր է՝ Եվրախորհրդարանն Ադրբեջանում հայկական խաչքարերի ավերումը դատապարտող հայտարարություն ընդունի
Հնարավոր է՝ Եվրախորհրդարանն Ադրբեջանում հայկական խաչքարերի ավերումը դատապարտող հայտարարություն ընդունի

Եվրախորհրդարանն այս տարվա աշնանը, հնարավոր է՝ ադրբեջանական Հին Ջուղայում հայկական խաչքարերի ավերումը դատապարտող հայտարարություն ընդունի, տեղեկացրեց Բելգիայի հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ, «Լրագիր» հայալեզու եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը:

Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանում Հին Ջուղայի հնագույն հայկական գերեզմանոցն ավերվել է 1998-2005 թվականներին և այլևս գոյություն չունի։ Տվյալ տարածքը վերածվել է ադրբեջանական ռազմական հրաձգարանի։

«Մենք արդեն բավականին սերտ կապեր ենք հաստատել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հետ, որոնց շնորհիվ կարողացել ենք Ջուղայում հայկական խաչքարերի ավերման մասին տեղեկատվություն հրապարակել: Մենք ակտիվորեն զբաղվում ենք այս հարցերով», - չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մինասյանը:

Նրա խոսքերով՝ Եվրախորհրդարանի պատգամավորի աջակցությամբ, որը մոտ է Բելգիայի հայկական կազմակերպությունների միության հետ, հաջողվել է խաչքարերի ավերման հարցն ու համապատասխան հայտարարության նախագիծը ներառել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքի օրակարգում:

Մինասյանը նշեց, որ այժմ հարցի առաջխաղացման համար անհրաժեշտ է Հայաստանի պետական մարմինների աջակցությունը:

«Հարցն ընթացքի մեջ է, և ամենայն հավանականությամբ, հայտարարությունը կընդունվի աշնանը», - տեղեկացրեց նա:-0-