«Ժամադրություն Հայաստանի հետ» հայ-ռուսական ակցիան կանցկացվի Հայաստանում

11.08.2010, 14:22
«Ժամադրություն Հայաստանի հետ» հայ-ռուսական ակցիան կանցկացվի Հայաստանում

Մեծ Հաղթանակի 65-ամյակին նվիրված «Ժամադրություն Հայաստանի հետ» հայ-ռուսական առաջին մշակութային ակցիան կանցկացվի Երևանում և Գյումրիում օգոստոսի 12-15-ը, տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:

«Ծրագրի շրջանակներում հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ են նախատեսված, այդ թվում նաև՝ մշակույթի ոլորտում առկա հրատապ խնդիրներին նվիրված «կլոր սեղան»», - չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Դուրգարյանը:

Մամուլի ասուլիսին ներկա Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Սերգեյ Նովոժիլովն իր հերթին նշեց, որ ռուսական պատվիրակության կազմում ներառված են խորհրդային ռուսական կինեմատոգրաֆի վառ ներկայացուցիչները, ովքեր ժամանակին նկարահանվել են հայ-ռուսական համատեղ ֆիլմերում:

Նրանց թվում նա նշեց ԽՍՀՄ ժողովրդական արիստ Իննա Մակարովային, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Եվգենի Դոգուին, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նատալյա Ֆատեևային, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Նատալյա Վառլյեին և Սվետլանա Սվետլիչնայային, Սվետլանա Տոմային (Ֆոմիչևա), Տիմոֆեյ Ֆեդորովին, Անդրեյ Մեժուլիսին:

Ակցիայի շրջանակներում կցուցադրվեն 2009 և 2010 թթ.-ին նկարահանված երեք ռուսական ֆիլմեր, որոնք արժանացել են մի շարք միջազգային կինոմրցանակների՝ Ալյոնա Սեմյոնովայի և Ալեքսանդր Սմիրնովի «Արոսենու վալսը», Վերա Գլագոլևայի «Մեկ պատերազմ» և Ալեքսանդր Սամոխվալովի «Մենք ապագայից ենք-2» ֆիլմերը:

Բացի այդ, Նովոժիլովի խոսքերով, ակցիայի շրջանակներում Երևանի Մոսկվայի տանը տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված է Մեծ Հաղթանակի 65-ամյակին, նախատեսվում է նաև կազմակերպել համերգ և հանդիպել Գյումրի քաղաքում գտնվող ռուսական ռազմական կայազորի զինծառայողների հետ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ռուդոլֆ Վաթինյանն իր հերթին նշեց, որ այս ակցիան շատ արժեքավոր է Հայաստանի համար և հաստատում է երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմադարյա բարեկամությունը:

Ակցիան անցկացվում է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների, Մոսկվայի կառավարության, Հայաստանի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների, Հայաստանի թատերական գործիչների միության և «Կինոֆորում» ռուսական ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ:-0-