Հայաստանն ու Եվրոպական ներդրումային բանկը վարկային համաձայնագիր են ստորագրել Երևանի մետրոպոլիտենը վերակառուցելու համար

10.08.2010, 16:41
Հայաստանն ու Եվրոպական ներդրումային բանկը վարկային համաձայնագիր են ստորագրել Երևանի մետրոպոլիտենը վերակառուցելու համար
Հայաստանն ու Եվրոպական ներդրումային բանկը վարկային համաձայնագիր են ստորագրել Երևանի մետրոպոլիտենը վերակառուցելու համար

Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով երեքշաբթի  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Եվրոպական ներդրումային բանկի Եվրոպական  մոնետար համակարգի և Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի շրջակա միջավայրի էներգետիկայի բաժնի Կոնստանտին Սինադինոն 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է ՖՆ մամուլի ծառայությունը:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ,  6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով:

Միջոցներն ուղղվելու են Երևանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կվերականգնվի մետրոյի շարժակազմը, կվերանորոգվեն մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխվեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները` մետրոյի անվտանգ ու հարմարավետ  շահագործումն ապահովելու նպատակով:

Նշված գումարը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը:

Այդ գումարից ևս 5 մլն եվրո վարկ տրամադրվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. մարտի 10-ին, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին:-0-