Հայաստանում մինչև շաբաթվա վերջ տեղումներ և ջերմաստիճանի իջեցում չի սպասվում

04.08.2010, 16:01
Հայաստանում մինչև շաբաթվա վերջ տեղումներ և ջերմաստիճանի իջեցում չի սպասվում
Հայաստանում մինչև շաբաթվա վերջ տեղումներ և ջերմաստիճանի իջեցում չի սպասվում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկա հինգ օրերի ընթացքում Հայաստանում չոր եղանակ է սպասվում՝ առանց տեղումների, ջերմաստիճանային ֆոնը կպահպանվի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Օպերատիվ հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Օգոստոսի 6-ից ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: Եթե նախօրեին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել էր Մեղրիում (36 աստիճան) և Արարատյան հոտվում (33-34 աստիճան), ապա օգոստոսի 6-7-ը հովիտներում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 36-37 աստիճանի, միաժամանակ չի բացառվում, որ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38 աստիճան», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Խոսելով ավելի պակաս ճշգրտություն ունեցող, սակայն ավելի երկարատև ժամանակահատվածի կանխատեսումների մասին՝ Պետրոսյանը նշեց, որ հանրապետությունում անձրևներ չեն սպասվում նաև առաջիկա տասնօրյակի ընթացքում:

Նրա խոսքերով՝ օգոստոսի 8-9-ը սպասվում է ջերմաստիճանի չնչին նվազում՝ 1-2 աստիճանով, ինչի արդյունքում առավելագույն ջերմաստիճանը կտատանվի 35-36 աստիճանի սահմաններում:

Նշելով, որ նախորդ շաբաթվա ընթացքում հանրապետությունում մի կաթիլ տեղում չի գրանցվել, իսկ ջերմաստիճանային ֆոնը վերջին հինգ օրվա ընթացքում տատանվում էր 34-35 աստիճանի սահմաններում՝ կենտրոնի պետը նշեց, որ այս ամենի հետևանքով երկրում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել:

Հրդեհի առաջացմանը նպաստող հիմնական գործոնների շարքում նա նշեց ջերմաստիճանային բարձր ֆոնը, ցածր հարաբերական խոնավությունն ու տեղումների բացակայությունը:

«Այս երեք գործոնները, ինչպես նաև քամին, որը նպաստում է կրակի տարածմանը, կարող են հանգեցնել բավականին բացասական հետևանքների բնության գրկում մարդկանց սխալ վարվելակերպի պայմաններում», - ասաց Պետրոսյանը:

Փորձագետի խոսքերով՝ ոչ պակաս վտանգավոր երևույթ է ամպամածության բացակայության պատճառով վերջերս գրանցված արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության բարձր մակարդակը:

«Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ամենաբարձր մակարդակը գրանվում է ցերեկային ժամերին՝ առավոտյան ժամը 11-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում», - ասաց նա:

Այս կապակցությամբ Պետրոսյանն ավելացրեց, որ այդ ժամերին հարկավոր է հնարավորին չափ խուսափել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից, հատկապես երեխաներին, տարեցներին և առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց:

«Հարկավոր է կրել բաց գույնի հագուստ և գլխարկներ՝ ջերմային և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով», - ասաց նա:-0-