Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ձևաչափը ընդլայնման կարիք չունի. Գերմանիայի դեսպան

04.08.2010, 14:25
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ձևաչափը ընդլայնման կարիք չունի. Գերմանիայի դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ձևաչափի ընդլայնումը աննպատակահարմար է, կարծում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Hans-Jochen Schmidt):

«Քաղաքական տեսակետից ես նպատակահարմար չեմ գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելության ընդլայնումը ինչ-որ այլ մեխանիզմների հաշվին... Կարծում եմ, որ Հայաստանի և ԵԱՀԿ ՄԽ-ի միջև գոյություն ունի համաձայնագիր այն մասին, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նախապատվությունը տալիս է համանախագահների աշխատանքին», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դեսպանը:

Դիվանագետը հիշեցրեց, որ ավելի վաղ ակտիվ քննարկումներ էին ընթանում բանակցությունների գործընթացին Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի մասնակցությունը չի նպաստի բանակցությունների արդյունավետ գործընթացին:

Միաժամանակ դեսպանը կարծիք հայտնեց, որ եթե ԵՄ երկրները կամ այդ երկրներում գործող ոչ կառավարական կազմակերպությունները, օգտագործելով իրենց տարածաշրջանային գործընկերների հնարավորությունները, կարողանան «թուլացնել հակամարտող ներուժը», ապա դա կարելի է միայն ողջունել: Բացի դրանից, ինչպես հիշեցրեց Շմիդտը, բազմաթիվ հարթակներ կան քննարկումների համար, որոնք Հարավային Կովկասի տարբեր երկրների ներկայացուցիչներին հնարավորություն կտան շփվել և հայտնել սեփական կարծիքը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-