Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնում վախճանված երգչուհի Արաքս Դավթյանի հարազատներին և գործընկերներին

30.07.2010, 13:27
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնում վախճանված երգչուհի Արաքս Դավթյանի հարազատներին և գործընկերներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել օպերային աշխարհահռչակ երգչուհի Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ 

«Խորը ցավով տեղեկացա հայտնի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանի մահվան մասին»,- ասվում է պետության ղեկավարի ուղերձում։

Նախագահի խոսքերով՝ Արաքս Դավթյանի խորհրդավոր լիրիկական սոպրանոն նվաճել է աշխարհի օպերային բեմերը։ Պետության ղեկավարը նշեց, որ երգեցողական արվեստի պահանջկոտ երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին դասական երգեցողության երգացանկի նրա նոր մեկնաբանումներն Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի ամենահայտնի դահլիճներում։

«Արաքս Դավթյանի տաղանդը փայլել է ոչ միայն օպերային բեմերում և համերգասրահներում, այլ նաև կինոյում և մանկավարժական բնագավառում»,- ընդգծել է Սարգսյանը։

«Կորստի այս ծանր պահին ցավակցություն եմ հայտնում Արաքս Դավթյանի հարազատներին ու գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին»,- ասվում է ուղերձում։      

Աշխարհահռչակ օպերային երգչուհի (սոպրանո), Հայաստանի ժողովրդական արտիստուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, վոկալի դասախոս  Արաքս Դավթյանը մահացել է նախօրեին Մոսկվայում՝ կյանքի 61-րդ տարում։

Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինծառայողի ընտանիքում։

Ավարտել է Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ինչից հետո ընդունվել է երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին։

1975 թվականին Արաքս Դավթյանն ավարտել է Երևանի պետական երաժշտական կոնսերվատորիան՝ որպես համերգային-օպերային երգչուհի։

1975-1980 թվականներին նա աշխատել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ այնուհետև 1980-1986 թվականներին եղել է կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի մեներգչուհի, 1986-1992 թվականներին՝ Հայաստանի Պետական հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի մեներչգուհի։

1979 թվականին Արաքս Դավթյանը դարձել է Գլինկայի անվան մենակատարների Համամիութենական մրցույթի դափնեկիր։ Միջազգային ճանաչում երգչուհին վաստակել է ԻտալիայիՎերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթից» (Viotti) հետո (1986թ.) և միանգամից հրավեր է ստացել Մեծ թատրոն մեկնելու, որտեղ Վերդիի «Տրավիատա» օպերայում առաջին անգամ հանդես է եկել Վիոլետայի պարտիայով։

Նա դասախոսել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերտավորիայում, 1997 թվականին դարձել է կոնսերվատորիայի, ինչպես նաև Մոսկվայում պրոֆեսոր, ուր աշխատել է մինչև կյանքի վերջ։

2005 թվականին նա նկարահանվել է Ռուստամ Խամդամովի «Վոկալի զուգահեռներ» ֆիլմի գլխավոր դերում։

Արաքս Դավթյանը բազմիցս հանդես է եկել ամենահայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ՝ Կոնստանտին Օրբելյանի գլխավորած Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի, Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ, որի հետ համերգային շրջագայությունն ԱՄՆ և Եվրոպայի երկրներ իսկական միջազգային իրադարձություն էր։

Նրա ձայնը հնչել է աշխարհի բազմաթիվ համերգասրահներում, որոնց թվում են Նյու Յորքի «Կարնեգի-հոլը», Փարիզի «Գավոն» և այլն։

Աարաքս Դավթյանը Ռուսաստանի վաստակավոր և Հայաստանի ժողովրդական արտիստուհի է։ -0-