Միջուկային անվտանգության ամրապնման համար ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կտրամադրի

29.07.2010, 16:35
Միջուկային անվտանգության ամրապնման համար ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կտրամադրի
Միջուկային անվտանգության ամրապնման համար ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է միջուկային անվտանգության բնագավառում եվրոպական համայնքների հանձնաժողովի հետ ֆինանսական համաձայնագրի կնքումը, որի համաձայն՝ ԵՄ-ն հանրապետությանը 11 մլն եվրո կտրամադրի:

Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը, համաձայնագիրը կիրականացվի երեք ուղղություններով` միջուկային անվտանգության բարձրացմանն աջակցություն, միջուկային թափոնների անվտանգության ապահովում և այդ ոլորտում ներուժի ամրապնդում:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում, որը պետք է ավարտվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 96 ամիս անց, Մեծամորում գործող Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ռեսուրսը կբավականացնի մինչև դրա փակումը: Նաև ծրագրված է միջուկային թափոնների կառավարման ռազմավարության մշակում:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը: Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։ --0—