ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը հատուկ նշանակություն է տալիս այլ երկրների նույնատիպ կառույցների հետ կապերի ակտիվացմանը, նախօրեին ուշ երեկոյան Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Մենք արդեն փորձում ենք պարբերական խորհրդակցություններ անցացնել մեր գործընկերների հետ, փոխանակում ենք տեղեկատվություն, նպաստում ենք կոնկրետ խնդիրների լուծմանը», - նշել է նա:
Բաղդասարյանի խոսքերով՝ արդեն համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի անվտանգության խորհուրդների հետ: Բաղդասարյանը նաև կարևորել է անմիջապես երկրում Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքների ակտիվացումը: Նա հիշեցրել է, որ իր ղեկավարման երկուսուկես տարվա ընթացքում կառույցն արդեն 16 նիստ է անցկացրել, այն դեպքում երբ դրանից 15-16 տարի առաջ անցկացվել է միայն մեկ-երկու նիստ: Նա տեղեկացրել է, որ այժմ կառույցն աշխատում է բավականին լարված ռեժիմով, միջոցներ են ձեռնարկվում Անվտանգության խորհրդի աշխատանքների մասին բնակչության իրազեկման բարձրացման ուղղությամբ:
Ինչպես նշել է Բաղդասարյանը, Խորհրդի աշխատանքների արդյունքում երկրի նախագահն ու կառավարությունը համապատասխան որոշումներ են ընդունում: Նա նշել է, որ Անվտանգության խորհրդում հարցերի լայն շրջանակ է քննարկվում, որոնք վերաբերում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նոր ԱԷԿ-ի շինարարությանը, Հայաստանի ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը:
Բաղդասարյանը հիշեցրել է, որ անձամբ է գլխավորում ութ միջգերատեսչական հանձնաժողով: Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող կառույցի աշխատանքի մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հատուկ ուշադրության է արժանանում մուտք արտոնագրի ռեժիմի թեթևացումը:-0-