Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն կանցկացվի Հայաստանում

26.07.2010, 13:16
Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն կանցկացվի Հայաստանում
Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը խորհրդային ժամանակների հայտնի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն կանցկացվի, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Փառատոնը ներկայացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, Հայաստանի թատերական գործիչների միությունը և Ծաղկաձորի քաղաքապետարանը:

«Հայտնի է, որ մնջախաղի լեզուն միջազգային է և հասանելի է յուրաքանչյուր մարդու` անկախ ազգային պատկանելությունից: Փառատոնի նպատակն է միջազգային թատերական և մշակութային կազմակերպությունների հետ համագործակցությունը, անդամակցությունը համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաև միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Փառատոնը միտված է նաև խթանելու զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծելու մշակութային տոնի ավանդույթներ:

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրի թատրոններ ԱՄՆ-ից` 2 մասնակից (Iman Lizarazu, Richmond Shepard), Ռուսաստանից (Малиновая Гряда), Վրաստանից (Georgia State Pantomime Theatre), Ֆրանսիայից (Vahram Zaryan` մեծն միմոս Մարսել Մարսոյի վերջին աշակերտը) և Չեխիայից (Peter Popper` Լեոնիդ Ենգիբարյանի թոռը):

Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ, մնջախաղի ժանրի ներկայացումներով այլ թատերախմբեր (Երևանի մնջախաղի պետական թատրոն, Միմ ստուդիո, Միհր, Օվասիս, Անվերջ թատերական կղզի, Շրջիկ թատրոն, Համլետ Չոբանյան, Հայկ Զորիկյան):

Մասնակիցները 5 օրվա ընթացքում իրենց արվեստը կներկայացնեն ցերեկվա ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում:

Ամեն երեկո կկազմակերպվեն թատերական վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծելու հանդիսատեսի և թատերախմբերի միջև:

Արդեն գործում է փառատոնի պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.pantomimefest.com:

Լեոնիդ Ենգիբարյանը (1935-1972) մնջախաղի վարպետ է և ծաղրածու, կրկեսում նոր ամպլուայի՝ «տխուր ծաղրածուի» կերպարի ստեղծողն է: Ենգիբարյանը Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ է:-0-