ՀՀ նախագահը պարգևատրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լավագույն մարզական ընտանիքներին

23.07.2010, 16:38
ՀՀ նախագահը պարգևատրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լավագույն մարզական ընտանիքներին
ՀՀ նախագահը պարգևատրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լավագույն մարզական ընտանիքներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ պարգևատրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վեց ընտանիքների, ովքեր հաղթել են «Լավագույն մարզական ընտանիք» 7-րդ հանրապետական մրցույթում։

Առաջնությունը տեղի է ունեցել երկու տարիքային կատեգորիաներում՝ առաջին կատեգորյում ընդգրկվել են 6-9 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդում՝ 10-13 տարեկան։ Երկու կատեգորիաներում առաջին տեղը զբաղեցրել են Շիրակի մարզից Ալեքսանյանների և Երևանից՝ Սանթրոսյանների ընտանիքները։ Երկրորդ տեղի են արժանացել Գրիգորյանների (Ղարաբաղ) և Պողոսյանների (Երևան) ընտանիքները, երրորդի՝ Հովակիմյանները (Արարատ) և Սահակյանները (Գյումրի)։

«Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ և ուժեղ: Տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է`իրենք են հաղթել: Սա շատ լավ մթնոլորտ է»,- ասաց նախագահը՝ ելույթ ունենալով Ծաղկաձորում առաջնության եզրափակիչ անցած մասնակիցների և հաղթողների առջև։

Ըստ պետության ղեկավարի՝ այն երեխաները, ովքեր մեծացել են մարզական ընտանիքներում, հասարակության արժանի անդամ են դառնում։

«Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է` առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի»,- ընդգծեց նա։

Սարգսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի տարեցտարի Հայաստանում ավելանա մարզական ընտանիքների թիվը և խոսք լինի ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր նման ընտանիքների մասին, քանի որ «առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք»։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում հատուկ ուշադրություն է հատկացվում սպորտին։

«Ավելանում է մարզական միջոցառումների քանակը։ Սպորտը մեր կյանքի կարևորագույն մասն է դառնում»,- ասաց նախարարը։

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական առաջնությունն արդեն յոթերորդ անգամ է անցկացվում և նպատակ ունի բարձրացնել սպորտի դերը կյանքի առողջ ապրելակերպի ձևավորման և բնակչության ակտիվ հանգստի ապահովման գործում։ Այս տարի մրցույթին 347 ընտանի է մասնակցել, ինչը կրկնակի ավելի է անցած տարվա մասնակիցների թվից։

Ընդհանուր առմամբ մրցանակային հիմնադրամը 15,2 մլն դրամ է (41,6 հազար դոլար) կազմում։ Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները 500 հազար դրամ (1370 դոլար) են ստացել, երկրորդ՝ 400 հազար դրամ (1100 դոլար), երրորդ՝ 300 հազար դրամ (820 դոլար)։ -0-