ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը խորհուրդ է տալիս ադրբեջանական գործընկերներին չսրել իրավիճակը

23.07.2010, 14:43
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը խորհուրդ է տալիս ադրբեջանական գործընկերներին չսրել իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ուրբաթ տարածած հաղորդագրության մեջ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարին կոչ է արել զերծ մնալ ռազմական հայրտարություններից և չսրել իրավիճակը։

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների, մեղմ ասած, «վրդովմունքը»:

«Պատճառը պարզ է. Օհանյանը խոսել է Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մասին, այսինք` այն ամենի, ինչն այդքան անհանգստացնում է հարևան պետության իշխանություններին: Հարցազրույցում նախարարը ներկայացրել է սպառազինության ձեռքբերման և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման այն առավելությունները, որոնք, որպես ՀԱՊԿ անդամ, ունի Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հիշեցվում է մամուլի հաղորդագրության մեջ, Օհանյանը քննադատել է հարևան պետության վարած քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտմանը և սպառազինությունների մրցավազքին: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար:

Փաստաթղում նշվում է, որ հարցազրույցը կամայականորեն մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` կրկին անգամ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ և նշելով, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետևանքով:

«Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և հարևան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձևերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Սաբիրօղլուին ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու գայթակղությամբ և անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն տարածելով չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում»,- նշում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միաժամանակ հայտարարության մեջ նշվում է , որ եթե Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա և բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, որտեղ նշվում է, որ «իրենց մարտունակությամբ Ադրբեջանի զինված ուժերը երբեք չեն կարողանա գերազանցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին: Հուսով եմ` այդ փաստն ի վերջո կհամոզի հարևան պետության ղեկավարությանը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:

«Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին խորհուրդ ենք տալիս իր ջանքերն ու եռանդը ներդնել այս իրողությունը հասկանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-