Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները վերջին ժամանակներս կտրուկ «երիտասարդացել են». սրտաբան

22.07.2010, 16:48
Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները վերջին ժամանակներս կտրուկ «երիտասարդացել են». սրտաբան
Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունները վերջին ժամանակներս կտրուկ «երիտասարդացել են». սրտաբան

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններով վերջին ժամանակներս ավելի հաճախ տառապում են երիտասարդները, նշեց Սրտաբանական կլինիկայի տնօրեն Միքայել Ադամյանը:

«Մեր օտարերկրյա գործընկերները զարմացել էին՝ իմանալով, թե որքան են Հայաստանում բոլոր սիրտ-անոթային հիվանդությունները «երիտասարդացել»... Վերջերս մեզ մոտ սրտի կաթվածի դեպք էր գրանցվել 27-ամյա երիտասարդի մոտ», - հինգշաբթի լրագրողներին ասաց Ադամյանը:

Հայերի շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը հանգեցնող հիմնական գործոնների թվում սրտաբանը նշեց ոչ առողջ կենսակերպը, ժառանգականությունն ու հեղուկի ոչ բավարար օգտագործումը:

Առաջին հերթին Ադամյանը նշեց երիտասարդների, այդ թվում կանանց շրջանում ծխողների թվի կտրուկ աճը:

Սրտաբան, «Արտմեդ» բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ղազարյանը նշեց, որ սիրտ-անոթային համակարգի վատացման վտանգը հատկապես առաջանում է ամռանը:

Ղազարյանի խոսքերով՝ մարդու օրգանիզմի համար նորմալ է 25-33 աստիճան ջերմությունը, իսկ ավելի բարձր ջերմաստիճանն օրգանիզմում սթրես է առաջացնում, և նույնիսկ առողջ օրգանիմզը գործում է բարձր լարվածության իրավիճակում:

Սրտաբանը նշեց, որ տապի հետևանքով սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հիմնական գործոններն են արյան մակարդելիությունը, տրոմբոզների առաջացման հնարավորության աճը, որոնք կարող են հանգեցնել սրտի և ուղեղի կաթվածի:

Ղազարյանի խոսքերով՝ այլ գործոնների թվում է այնպիսի միկրոտարրերի կորուստը, ինչպիսիք են կալիումը, մագնիումը, որոնք կենսական կարևորություն ունեն սիրտ-անոթային համակարգի նորմալ գործունեության համար:

Սրտաբանն ընդգծեց նաև ամռանը ճիշտ սնվելու անհրաժեշտությունը՝ սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով:

Ղազարյանը խորհուրդ տվեց սնվել օրական չորս անգամ, սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բանջարեղեն, միրգ, չգազավորված ջուր և հնարավորության դեպքում հրաժարվել յուղոտ և մսային ուտեստներից:

Սրտաբանը նաև նշեց կանխարգելիչ նպատակներով սրտաբանին այցելելու անհրաժեշտությունը:-0-