Իրանի Մեջլիսի նախագահը կայցելի Հայաստան

20.07.2010, 13:33
Իրանի Մեջլիսի նախագահը կայցելի Հայաստան
Իրանի Մեջլիսի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հրավերով կայցելի Հայաստան՝ երկու բարեկամ երկրների միջև միջխորհրդարանական կապերը ավելի խորացնելու և զարգացնելու նպատակով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Նախօրեին Ժնևում կայացած  խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Աբրահամյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Այս համատեքստում կողմերը կարևորել են 2009 թ.սեպտեմբերին Իրան կատարած ԱԺ նախագահի այցի ընթացքում ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու խորհրդարաններում բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն և նոր լիցք են հաղորդում  միջխորհրդարանական կապերին:

Խոսնակի խոսքերով՝ երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաև տնտեսական բնագավառում:

Կողմերը կարևորել են նաև միջազգային կառույցներում համագործակցությունը և երկուստեք նշել, որ տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի ընթացքում Հայաստանի և Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված և շրջահայաց մոտեցումներով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրին:

Երկու խորհրդարանների նախագահները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:-0-