Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հողթողը թուրքական ֆիլմ է

19.07.2010, 13:16
Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հողթողը թուրքական ֆիլմ է
Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հողթողը թուրքական ֆիլմ է

«Ոսկե ծիրան»  յոթերորդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցութային ծրագրի հաղթող է ճանաչվել թուրք կինոռեժիսոր Ռեհ Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, լրագրողներին տեղեկացրել է կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնը անցկացվել է Երևանում հուլիսի 11-18-ը: Փառատոնի երեք մրցութային ծրագրերում 45 ֆիլմ է ներառվել:

«Կինոփառատոնի ամենամեծ հաջողությունն ազնվությունն են համարում: Շատ արդար  ընտրություն է կատարվել՝ առանց քաղաքականության և արտաքին միջամտությունների», - ասել է Խաչատրյանը:

Ժյուրիի որոշմամբ՝ «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում «Արծաթե ծիրան» մրցանակի է արժանացել բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը:

«Միջազգային վավերագրական կինո» մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Պավել Կոստոմարովի «Երկուսով» ֆիլմը: Շվեյցարացի ռեժիսոր Վադիմ Յենդրեյկոյի «Հինգ փղերով կինը» ֆիլմն արժանացել է «Արծաթե ծիրանի»:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում հաղթող է ճանաչվել Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը: «Արծաթե ծիրանի» է արժանացել Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմը, հատուկ հիշատակման է արժանացել Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը, որը նվիրված է խաղարկային և անիմացիոն կինոյի բեմադրող-նկարիչ, Հայկական ԽՍՀ-ի վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովին:

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակին (FPRESCI) արժանացել է Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը (Բոսնիա և Հերցեգովինա):

Էկումենիկ ժյուրին իր մրցանակը հանձնել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, Եկեղեցիների անկախ ժյուրիի պատվոգրի է արժանացել Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմը:

Հայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմը դարձել է կրկնակի մրցանակակիր, այն արժանացել է հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի և ճանաչվել է լավագույնը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

FPRESCI-ի ժյուրիի նախագահ, իտալացի կինոքննադատ և լրագրող Լուչիանո Բարիզոնեն նշել է փառատոնի բարձր մակարդակը:

«Բոլորս գիտենք, որ շատ փառատոններ ժամանակի ընթացքում կոմերցիոն են դառնում, և այս ֆոնի ներքո փառատոնները, որոնց ժամանակ արվեստը առաջին պլան է մղվում, առավել արժեքավոր են», - ասել է Բարիզոնեն:

Խոսելով «Հայկական համայնապատկեր» մրցույթի առանձնահատկությունների մասին՝ մրցութային ժյուրիի նախագահ, արվեստագիտության դոկտոր Արմեն Մեդվեդևը ընդգծել է, որ ծրագիրը բավականին արժանավոր էր:

«Ես չեմ իդեալականացնի ծրագիրը, սակայն այն շատ արժանավոր էր: Չկար ոչ մի ֆիլմ, որը ժյուրիի շրջանում անհարմարության զգացում առաջացներ», - ասել է Մեդվեդևը:

Միաժամանակ կինոգետը նշել է ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի որոշ թերությունները, մասնավորապես՝ սեփական ավանդույթների անբավարար շեշտադրումը:-0-