Հայ տաղանդաշատ երիտասարդները ինքնաիրացման հնարավորություն կունենան. վարչապետ

17.07.2010, 10:34
Հայ տաղանդաշատ երիտասարդները ինքնաիրացման հնարավորություն կունենան. վարչապետ
Հայ տաղանդաշատ երիտասարդները ինքնաիրացման հնարավորություն կունենան. վարչապետ

Հայ տաղանդաշատ երիտասարդները ինքնաիրացման հնարավորություն կունենան, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Լույս» հիմնադրամի ծրագրի շրջանակներում արտերկրի բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Լույս» հիմնադրամը հիմնադրվել է 2008 թ.-ի ապրիլին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: «Լույս» հիմնադրամի նպատակն է արտերկրյա բուհերում ֆինանսավորել հայ ուսանողների ուսուցումը:

«Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում ուսանողները կլինեն Գյումրի, Ջերմուկ քաղաքներում, Սևանի Ծաղկունք և Արցախի Վանք համայնքներում և իրենց գիտելիքները կփորձեն կիրառել Հայաստանի զարգացման սցենարներ ու ծրագրեր մշակելու ուղղությամբ։

««Լույս» հիմնադրամի նպատակն է աջակցել տաղանդաշատ երիտասարդներին` կրթություն ստանալու աշխարհի լավագույն համալսարաններում։ Վստահ ենք, որ «Լույս» հիմնադրամի հնարավորություններից օգտվող ուսանողների քանակն այս տարի ավելանալու է։ Մեզ համար չափազանց կարևոր է ձևավորել նոր միջավայր, որն անվանում ենք Հայկական աշխարհ, և  շնորհիվ այդ միջավայրի ստեղծելու ենք ձեզ համար ինքնազարգացման ու ինքնաիրացման բարենպաստ պայմաններ», - նշել է ՀՀ վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Կարևորելով Հայկական աշխարհի ձևավորման գործում «Լույս» հիմնադրամի գործունեությունը` կառավարության ղեկավարը մատնանշել է նաև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի` որպես Հայկական աշխարհի կառույցի դերի կարևորությունը։ Նա ընդգծել է, որ այդ կառույցները որոշիչ դեր ունեն Հայաստանի ազգային մրցունակության բարձրացման գործում:

Բացի այդ ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծել է գիտելիքի դերի կարևորությունը ժամանակակից աշխարհում: «Եթե ինդուստրիալ հասարակության տնտեսական համակարգի հենքը ապրանքների և ծառայությունների արտադրությունն էր, ապա պոստինդուստրիալ հասարակություններում հենքային գործընթացը մտագործունեությունն է։ Ժամանակակից հասարակության կարևոր ապրանքը նոր գիտելիքն է։ Այն որակապես փոխում է հասարակության կազմակերպման բովանդակությունը», - ասել է ՀՀ վարչապետը:

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, հիմնադրամի կրթական խորհրդի անդամներ Տեր Մեսրոպ Արամյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ -0-