Օգոստոսին Գյումրիում կբացվի «Պատվի բլուր» հուշահամալիրը

15.07.2010, 18:53
Օգոստոսին Գյումրիում կբացվի «Պատվի բլուր» հուշահամալիրը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս-թուրքական պատերազմների ընթացքում զոհված ռուսական բանակի 156 սպաների գերեզմանատան տեղում ստեղծված «Պատվի բլուր» վերականգնված հուշահամալիրի բացումը տեղի կունենա օգոստոսին Գյումրիում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնի ղեկավար Աշոտ Պողոսյանը:

«Պատվի բլուրը» զինվորական գերեզմանատուն է, որը 1856 թ.-ին Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով վերածվել է հուշահամալիրի:

Տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 15-ին Գյումրիում «Պատվի Բլրի» բարեկարգման աշխատանքների քննարկման նպատակով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

 

Հանդիպման մասնակիցները, տեղում ծանոթանալով ընթացող շինարարությանը, բարձր են գնահատել կատարված աշխատանքները, փաստել են կառույցի յուրօրինակությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաև կարևորել ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը:

 

Առաջին հուղարկավորությունը տեղի է ունեցել 1856 թ.-ին: Այդ ժամանակ բլրի կողքին կառուցվել է ռուս ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հիշատակը հարգելու վայր: Անցած դարի 50-ական թվականներին գերեզմանաստան վայրում կառուցվել էր մանկական առողջարան:

Խարխլված շենքի քանդման և «Պատվի բլրի» բարեկարգման աշխտանքները սկսվել են 2009 թ.-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզպետի և ՌԴ Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում:

Այս ամենն իրականացնելու նպատակով հատուկ ստեղծվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:-0-