Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողները մտադիր են կասեցնել նախագիծը

15.07.2010, 14:19
Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողները մտադիր են կասեցնել նախագիծը
Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողները մտադիր են կասեցնել նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողները մտադիր են կասեցնել նախագիծը, այս մասին ասվում է ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամներին ուղղված բաց նամակում:

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է` առանց պետական որեւէ ֆինանսավորման: Նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 60 մլն ԱՄՆ դոլարը:

«Ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացնելիք դպրոցների հանդեպ», - ասված է բաց նամակում, որի տեքստը փոխանցվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին կառավարության օրինագծի նախնական տարբերակը մեծ արձագանք ստացավ հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ էին օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այս ամենի արդյունքում կառավարությունը զգալի փոփոխություններ է մտցրել օրինագծի մեջ:

Նոր փոփոխություններով նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 12 դպրոց ստեղծել նախկին 15-ի փոխարեն, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում: Մասնավոր դպրոցներում օտար լեզվով ուսուցումը կիրականացվի 7-րդ դասարանից, իսկ միջպետական համագործակցության շրջանակներում ստեղծված դպրոցներում՝ միայն ավագ դասարաններում, այսինքն՝ 10-12 դասարաններում:

Ինչպես նշում են նամակի հեղինակները, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու ՀՀ կառավարության առաջարկից հետո ի հայտ եկած վրդովմունքի ալիքը բացասական վերաբերմունք է առաջացրել դասավանդումն օտար լեզուներով իրականացնելիք դպրոցների հանդեպ: Դժգոհությունների այդ ալիքը  հանգեցրեց այն բանին, որ ՀՀ նախագահի կողմից խորհրդանշական «գիտությունների ծառի» տնկման հանդիսավոր արարողությունից հետո բազում դրական արձագանքներ ստացած ԴԻԼԻՋԱՆ միջազգային դպրոցի նախագիծը հայտնվեց հասարակական անբարենպաստ կարծիքի ստվերում: «Չհասցնելով սկսվել և կայանալ` նախագիծը ընդդիմություն է ձեռք բերել: Պետք է նշենք, որ ԴԻԼԻՋԱՆ նախագծի շուրջ բացասական ֆոնի պատճառ դարձած օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար»,- նշվում է նամակում:

«Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում:Խորապես համոզված ենք, որ XXI-րդ դարում կրթության դերն աճելու է, եւ այսպիսի դպրոցի ստեղծումը մեզ համար մի խնդիր է, որը կարեւոր է կյանքի կոչել: Ճիշտ է, հավանական է, որ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատած հայեցակարգով դպրոց այսօրվա Հայաստանում պետք չէ: Այդ պատճառով հոկտեմբերին կայանալիք նախագծի խորհրդի հաջորդ նիստին մենք պատրաստվում ենք այս նախագիծը ոչ Հայաստանի տարածքում իրագործելու հարցը բարձրացնել»,շ նշում են նամակագիրները:

ԴԻԼԻՋԱՆ դպրոցը տարբեր երկրների երեխաների համար նախատեսված միջազգային մակարդակի պանսիոն դպրոց է: Նախատեսվում է, որ 2020թ. դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ:

ԴԻԼԻՋԱՆ դպրոցում դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվով, որը  իսպաներենի եւ ֆրանսերենի հետ մեկտեղ այն երեք լեզուներից մեկն է, որով մշակված է ՄԲ համակարգի ուսումնական ամբողջ գրականությունը:

Նախատեսվում է, որ դպրոցի ուսանողներն, անկախ նրանց քաղաքացիությունից ու ազգային պատկանելիությունից, պետք է ուսումնասիրեն մի քանի օտար լեզու, այդ թվում` հայերենը: Կարևոր խնդիրներից մեկն է հայոց լեզվի ընդգրկումը ՄԲ լեզուների ցանկում, որոնք կդասավանդվեն և որպես մայրենի, և որպես օտար լեզու: Դա թույլ կտա դասավանդել այն բոլոր մակարդակներով` աշխարհի 3000 ՄԲ դպրոցներից յուրաքանչյուրում: