Սուրբ Եսայի մարգարեի հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցում

15.07.2010, 11:57
Սուրբ Եսայի մարգարեի հիշատակի օրը Հայ Առաքելական Եկեղեցում

Հայ Առաքելական Եկեղեցին Վարդավառից (Տիրոջ Պայծառակերպություն) հետո հինգշաբթի նշում է Եսայի մարգարեի օրը։ 2010թ.-ին այդ օրը հուլիսի 15-ն է։

Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներե-ից առաջինն է: Ծնվել եւ գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին:

Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի և զանազան հարցերի մասին: Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է:

Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով: