Արտհաուսի հարավկորեացի վարպետը հույս ունի, որ հայ հանդիսատեսը կընկալի իր արվեստը

14.07.2010, 19:34
Արտհաուսի հարավկորեացի վարպետը հույս ունի, որ հայ հանդիսատեսը կընկալի իր արվեստը

Արտհաուսում աշխատող հարավկորեացի ռեժիսոր Լի Չան-Դոն հույս ունի, որ հայ հանդիսատեսը հետաքրքրություն կցուցաբերի իր ստեղծագործության հանդեպ։

Աշխարհահռչակ հարավկորեացի ռեժիսոր Լի Չան-Դոյի «Պոեզիա» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանյան պրեմիերաների ծրագրի մասնակից կդառնա ։

«Առաջին անգամ ես Հայաստան եմ ժամանել երեք տարի առաջ, երբ կայացել է իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։ Ես տեսել եմ, թե ինչ հետաքրքրությամբ է հայ հանդիսատեսը դիտում իմ ֆիլմերը, և հետագայում ևս նման հետաքրքրության հույս ունեմ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց ռեժիսորը։

Ըստ Չան-Դոյի, վերջին 10 տարիների ընթացքում հարավկորեական կինոն ծաղկում է և շարժում ողջ աշխարհի հետաքրքրությունը։

Պատասխանելով իր կինոյում ոչ սովորական մոտեցման հարցին՝ ռեժիսորը պատասխանեց, որ չի ցանկանում ֆիլմ ստեղծել զվարճանքի համար ։

«Ես չեմ ցանկանում, որ իմ ֆիլմերը զվարճանքի ապրանք լինեն։ Ֆիլմում պետք է հաց լինի, որը խորհրդածելու սնունդ դառնա»,- ասաց Չան-Դոյը։

Ըստ ռեժիսորի, իր կինեմատոգրաֆիայի յուրահատկությունն այն է, ինքը կրճատում է իրականության և կինոյի միջև եղած տարածությունը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ինքն իր մեջ առանձնացնում է ռեժիսորին և գրողին։ «Երբ ես գիրք եմ գրում, ինձ թվում է, որ դա ինչ-որ մեկին հասցեագրված սիրային ուղերձ է, իսկ երբ ֆիլմի սցենար եմ գրում, մտածում եմ, որ այդ սցենարով գրված ֆիլմը շատերն են դիտելու»,- ավելացրեց ռեժիսորը։ -0-