ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25 տոկոսի մակարդակում

13.07.2010, 19:36
ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25 տոկոսի մակարդակում
ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25 տոկոսի մակարդակում

ՀՀ Կենտրոնական բանկը որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25 տոկոս, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

ՀՀ ԿԲ խորհրդի գնահատականների համաձայն՝ 2010 թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը և սեզոնային գյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձևավորելու գնաճային ճնշումներ:

«Միաժամանակ դեռևս անորոշ են եվրոպական արժույթի, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից», - նշվում է տեղեկատվության մեջ:

2010 թ.-ի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույթը բարձրացվել է հինգ անգամ՝ 5,0 տոկոսային կետից հասնելով 7,25 տոկոսի (հունվարի 21, փետրվարի 16, մարտի 9 և ապրիլի 13-ը ամեն անգամ 0,5 տոկոսային կետով, իսկ մայիսի 11-ին՝ 0,25 տոկոսով):-0-