Սերժ Ավետիքյանի «Կաղկանձող կղզի» ֆիլմի շարունակությունը պատրաստ կլինի 2011 թ.-ին

13.07.2010, 19:00
Սերժ Ավետիքյանի «Կաղկանձող կղզի» ֆիլմի շարունակությունը պատրաստ կլինի 2011 թ.-ին

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Կաղկանձող կղզի» ֆիլմի երկրորդ մասը, որի աշխատանքային անվանումն է «Ստամբուլի փողոցային շների ժամանակագրությունը», պատրաստ կլինի 2011 թ.-ին, երեքշաբթի Երևանում հայտնեց ռեժիսորը:

Ավետիքյանի «Կաղկանձող կղզի» անիմացիոն ֆիլմը, որը «Ոսկե արմավենու» է արժանացել Կաննի 2010 թ.-ի կինոփառատոնում, կփակի «Ոսկե ծիրան» երևանյան յոթերորդ միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է Երևանում հուլիսի 11-18-ը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1910 թ.-ին Կոնստանդնուպոլսում, որի փողոցները լի էին թափառական շներով, և նոր կառավարությունը որոշում է քաղաքի սահմաններից դուրս հանել նրանց, տանել անմարդաբնակ կղզի: Այս ֆիլմը փոխաբերություն է: Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության թեման:

«Երկրորդ ֆիլմը վավերագրական է, ես այն նկարահանել եմ այս տարի մինչև Կաննի կինոփառատոնը: Ողջ ֆիլմը նկարահանվել է Ստամբուլի փողոցներում, քանի որ ես ցանկանում էի առաջին ֆիլմը լրացնելով երկրորդով», - ասաց Ավետիքյանը «Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնին նվիրված պրես-կոկտեյլի ժամանակ:

Ավետիքյանի խոսքերով՝ այժմ ֆիլմը մոնտաժի փուլում է, և նա ծրագրում է ներկայացնել այն 2011 թ.-ին նախատեսված «Հայկական համայնապատկեր» երևանյան կինոփառատոնի մրցույթի ժամանակ:

Ռեժիսորը նշել է, որ եթե «Կաղկանձող կղզում» իրադարձությունները տեղի են ունենում 1910 թ.-ին Օսմանյան կայսրությունում, ապա երկրորդ մասում ներկայացված է ժամանակակից Թուրքիան:

«Հարյուր տարի անց Եվրոպայի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը նույնն է մնացել: Եվրոպան խնդրում է Թուրքիային ժողովրդավարական կեցվածք ընդունել՝ օրինակ Հայոց ցեղասպանության հարցում, իսկ Թուրքիան պատասխանում է իր ձևով՝ ոչ ժողովրդավարական կերպով», - ասաց Ավետիքյանը:

Ռեժիսորը նշեց, որ երկրորդ ֆիլմը այսօրվա Ստամբուլի դիմանկարն է, որը ներկայացված է շների աչքերով: Ավետիքյանն ավելացրեց, որ ֆիլմը նկարահանված է տեսախցիկի հատուկ տեղակայմամբ, երբ այն գտնվում է ցածր` շների հասակի մակարդակի վրա:

Նա նշեց, որ «Կաղկանձող կղզի» ֆիլմը կցուցադրվկ NTV թուրքական ալիքով, ինչպես նաև Անթալիայում կայանալիք կինոփառատոնի ընթացքում որը տեղի կունենա 2010 թ.-ի հոկտեմբերի 9-15-ը:

Ռեժիսորն ընդգծեց նաև, որ այս տարի ինքը թուրքական կինոփառատոնի ազգային ժյուրիի անդամ է ընտրվել:-0-