ԱՄՆ-ն դժվար թե խաղաղապահներ տեղակայի ղարաբաղյան հակամարտության գոտում. հայ քաղաքագետ

07.07.2010, 15:01
ԱՄՆ-ն դժվար թե խաղաղապահներ տեղակայի ղարաբաղյան հակամարտության գոտում. հայ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը անհնար է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում ամերիկացի խաղաղապահների տեղակայման մասին ԱՄՆ մտադրությունը:

Հունիսի 26-ին Կանադայում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ սկզբունքներից մեկը, որոնց վրա պետք է հիմնվի ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորումը, անվտանգության միջազգային երաշխիքներն են, այդ թվում նաև խաղաղարար օպերացիան:

«Չեմ կարծում, որ սա կարող է լրջորեն քննարկվել, քանի որ այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում սկզբունքային է փոխհարաբերությունների ավելի վաղ փուլը», - չորեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Իսկանդարյանը «պարզապես անհնար է» համարում պատկերացնել, որ այժմ Ղարաբաղ խաղաղապահներ են մտնում: «Դժվար թե Քլինթոնը լրջորեն է վերաբերվում նման հեռանկարին», - ավելացրեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-