Արդարադատության, ազատությունների և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի առաջին նիստը երեքշաբթի մեկնարկել է Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման օրակարգում են սահմանների կառավարման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաև` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր:
Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը և Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը:
ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը (John Kjaer):
Աշխատանքներում ներգրավված են ՀՀ Գլխավոր դատախազության,
Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության Արտաքին գործերի, Արդարադատության, Էկոնոմիկայի, նախարարությունների և շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:-0-