ՀՀ Օմբուդսմենը ՀՀ Սահմանադրության և դրա դրույթների իրականացման միջև անդունդ է տեսնում

02.07.2010, 14:04
ՀՀ Օմբուդսմենը ՀՀ Սահմանադրության և դրա դրույթների իրականացման միջև անդունդ է տեսնում

ՀՀ Սահմանադրության և դրա դրույթների իրականացման միջև անդունդ է գոյացել, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Հետխորհրդային տարածքի երկրներում, բացի մերձբալթյան երկրներից, Սահմանադրության հետ կապված երկու խնդիր կա` տեքստում տեղ գտած թերություններն ու Սահմանադրության դրույթների իրականացման խնդիրը: ՀՀ Սահմանադրության տեքստը, հատկապես բարեփոխումից հետո, գրեթե կատարյալ է: Ինչ վերաբերում է իրականացմանը, ապա իրական կյանքը շատ է տարբերվում Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներից», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Օմբուդսմենը:

Նրա խոսքերով` խոսքը հատկապես երկրի Մայր Օրենքում ամրագրված բազմակարծության, ազատ տնտեսական հարաբերությունների, ժողովրդավարության դրույթների մասին է:

«Հայաստանում գոյություն չունի ազատ շուկայական տնտեսություն: Մեր տնտեսական համակարգը օլիգարխիկ է: Քանի դեռ նման համակարգը գործում է, քաղաքական ազատությունների մասին խոսելն անիմաստ է», - ընդգծեց Հարությունյանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտման մոտավորապես 80 տոկոսը վերաբերում է մարդու սահմանադրական իրավունքներին:-0-