Սեուլը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմանը. դեսպան

02.07.2010, 11:29
Սեուլը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմանը. դեսպան

Կորեայի Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա ընդլայնմանը, նախօրեին ասել է Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մոսկվա) Լի Յուն-Հոին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կորեական քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերություններին և մշակութային փոխանակումներին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են միջազգային կազմակերպություններում համագործակցությանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-կորեական բարեկամական համագործակցության առավել զարգացման գործում:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են երկկողմ համագործակցությունը և միջխորհրդարանական կապերը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից նշեցին, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հովանու ներքո անցկացվող ծրագրերի շնորհիվ արդեն շուրջ յոթ տասնյակ պետական ծառայողներ վերապատրաստվել են Կորեայում, նախադրյալներ են ստեղծվում տնտեսական փոխգործակցության խորացման համար, հաճախակիացել են մշակութային փոխանակումները:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յուն-հոն կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացումը: -0-