Ղազախստանն ու Հայաստանը երկկողմ հարաբերություններ են զարգացնում գործընկերության ոգով. Սաուդաբաև

30.06.2010, 19:26
Ղազախստանն ու Հայաստանը երկկողմ հարաբերություններ են զարգացնում գործընկերության ոգով. Սաուդաբաև
Ղազախստանն ու Հայաստանը երկկողմ հարաբերություններ են զարգացնում գործընկերության ոգով. Սաուդաբաև

Ղազախստանը և Հայաստանն անկախանալուց ի վեր երկկողմ հարաբերություններ են զարգացնում գործընկերության և փոխշահավետ համագործակցության ոգով, կարծում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար, արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը։

«Երկու երկրներն էլ ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակիցներ են, փոխգործակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և համաշխարհային ու եվրոպական այլ կառույցներում։
 
Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել երկկողմ իրավապայմանագրային բազա, որն ընդգրկում է 31 փաստաթուղթ միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական մակարդակներով»,- ասաց Սաուդաբաևը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին «ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի հետ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին նվիրված մեծ զրույց» նախագծի շրջանակներում։ 

Ըստ նրա, մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևոր գործոններից մեկը Ղազախստանի 30-հազարանոց հայկական համայնքն է, որը «կենդանի կամուրջ» է ստեղծում երկու պետությունների միջև։ «Ղազախստանում հայերն ունեն իրենց ազգային մշակութային կենտրոններն ու դպրոցները, ներկայացված են Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայում»,- ասաց ղազախական ԱԳՆ ղեկավարը։

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ Սաուդաբաևը նշեց, որ դրանք բավական ծավալուն են։

«Ներկայում կողմերն աշխատանք են իրականացնում մասնավոր ձեռնարկատիրության, փոքր և միջին բիզնեսի աջակցության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, շինարարության, առողջապահության և այլ բնագավառներում փոխհամագործակցության ուղղությամբ»։

Օրինակ, կարելի է առանձնացնել Ալմաթիում «Ալատաու» տեղեկատվական տեխնոլոգիաների պարկի և Գյումրու տեխնոպարկի միջև համագործակցության զարգացման փոխշահագրգռվածությունը։ Կողմերի քննարկման առարկա են նաև հետագայում մեր կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք փաստաթղթեր»,- ասաց Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը։

«ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի հետ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին նվիրված մեծ զրույց» նախագիծն իրականացվում է «Ղազախստան-Մեդիա» տեղեկատվական կենտրոնի կողմից ԵԱՀԿ ԴՆ Աշխատակազմի համագործակցությամբ և «Նովոստի-Ղազախստան» ՏԳ աջակցությամբ ԵԱՀԿ ԴՆ և ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների միջև ուղղակի երկխոսության հնարավորության տրամադրման նպատակով՝ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։ Նախագիծը նվիրված է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջին կեսի ավարտին։ -0-