Բուլղարացի պատգամավորն ընդունել է իր սուբյեկտիվությունը Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևը մշակելիս

30.06.2010, 15:03
Բուլղարացի պատգամավորն ընդունել է իր սուբյեկտիվությունը Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևը մշակելիս

Բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովն ընդունել է իր սուբյեկտիվությունը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ բանաձևի մշակման ժամանակ, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը պետք է ուժերը դուրս բերի «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։

Զաքարյանը տեղեկացրեց, որ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի (ԵՎՐՈՆԵՍՏ) ընդլայնված նիստի շրջանակներում Կիրիլովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ  բուլղարացի պատգամավորը ծանոթացել է բանաձևում տեղ գտած սուբյեկտիվ դրույթներին: Կիրիլովին նաև տեղեկացրել են, որ այդ բանաձևը նպաստել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորականության ուժգնացմանը, ինչը, ի վերջո, հանգեցրել է հունիսի 18-ին ադրբեջանաղարաբաղյան շփման գծում ռազմական դիվերսիայի, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Պատգամավորի խոսքերով` զրույցի ընթացքում զգացվում էր, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ աշխատել է բուլղարացի պատգամավորի հետ, ինչը նաև խոստովանել է Կիրիլովը:

«Զրույցի առաջին մասում ինձ թվաց, թե զրուցում եմ ոչ թե Բուլղարիայի, այլ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի հետ», - նշեց Զաքարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հրավիրել է Կիրիլովին Հայաստան, որպեսզի նա տեղում ծանոթանա հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ:

Բուլղարացի պատգամավորը խոստացել է աշնանը այցելել Հայաստան:-0-