ՀՀ վարչապետը կարևորում է Intel-ի հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը

29.06.2010, 19:10
ՀՀ վարչապետը կարևորում է Intel-ի հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է «Ինտել» կորպորացիայի հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման կարևորությունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Բարեթը ողջունել է հայ վարչապետի առաջարկը։

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «World Ahead» ծրագրի շրջանակներում ծավալված համագործակցության ընթացքին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցների համակարգչային հագեցվածության ապահովում և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացում։

Խոսելով «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում Սիլիկոնային հովիտ կատարած այցի մասին` կառավարության ղեկավարն անդրադարձել է վենչուրային հիմնադրամների գործունեությանը և կարևորել «Ինտել» կորպորացիայի փորձի կիրառումը Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ կառավարության հավանությանն արժանացած էլեկտրոնային հասարակության հայեցակարգի վերաբերյալ։

Վարչապետը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործող Էլեկտրոնային կառավարման խորհրդին կից գործում է Խորհրդատու մարմին և հրավիրել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին մասնակցել դրա աշխատանքներին։

Հանդիպման ժամանակ վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ։-0-