Հայաստանն ամրապնդելու է սեփական սահմանները. Անվտանգության խորհրդի քարտուղար

25.06.2010, 13:41
Հայաստանն ամրապնդելու է սեփական սահմանները. Անվտանգության խորհրդի քարտուղար
Հայաստանն ամրապնդելու է սեփական սահմանները. Անվտանգության խորհրդի քարտուղար

Հայաստանը մտադիր է ամրապնդել սահմանային անվտանգությունն ու արդիականացնել սահմանային ենթակառուցվածքները, հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Ցավոք, ստիպված եմ փաստել, որ մեր սահմանները պաշտպանված չեն պատշաճ կերպով: Ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Հունիսի 18-ի երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևանքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում մեկ սպանված է թողել:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերով՝ այս խնդիրը լուծելու համար հատուկ միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որը մինչև տարեվերջ պետք է ներկայացնի միջոցառումների և անհրաժեշտ քայլերի փաթեթը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում՝ սահմանի պաշտպանվածությունը կարևոր նշանակություն ունի: Մեր գործընկերները՝ Ռուսաստանն ու Եվրամիությունը, ամբողջովին աջակցել են մեզ սահմանի ամրապնդման հարցում», - ավելացրեց Բաղդասարյանը:-0-